2017-01-03 09:52:00

Գոհաբանական աղօթք և Սբ. Պատարագ` Գիւմրիի Սրբոց Նահատակաց մայր տաճարում


Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայր կաթողիկէ աթոռանիստ եկեղեցում 2016 թուականին հրաժեշտ տուեցին գոհաբանական գեղեցիկ աղօթքներով և Սբ. Պատարագներով։ Տարեմուտի գիշերը միասին եկեղեցում ջերմեռանդական աղօթքներով և Սբ. Պատարագով դիմաւորելը հայ կաթողիկէ շատ համայնքներում դառնում է աւանդոյթ`որպէս վերածնուող համայնքային բարեպաշտութեան և ոչ աշխարհիկ, ոչ հեշտասէր տրամաբանութեան զարգացման արտայայտութիւն։

Հաւատացեալները քահանաների առաջնորդութեամբ շնորհակալութիւն յայտնեցին Տիրոջ  և աղօթեցին ընդհանուր դիտաւորութիւնների համար. Գոհաբանական աղօթքը

Տարեմուտի այս պահին հաւաքուած Քո Սուրբ տան մէջ մեր գոհութիւնն ենք յայտնում Ամենասուրբ Երրորդութեան` Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, անցնող Ողորմութեան տարուայ համար, որը հռչակեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանչիսկոս Պապը, հնարաւորութիւն տալով ամէնքիս վերանայել մեր ընթացքը եւ նմանուել Ողորմութեան տարուայ խորհրդանիշ դարձած բարի սամարացուն: Այսպիսով եւս մէկ հրաւէր ունեցանք ապրելու Քո կամքի համաձայն` ի միտ ունենալով քրիստոնեայի կերպարը` խաղաղութեան, սիրոյ, նուիրուածութեան եւ երախտագիտութեան մէջ: Եւ սրա գերագոյն դրսեւորումը` մշտապէս փնտռել ու տեսնել դիմացինի մէջ Արարիչ Աստծոյ պատկերը:

Դու, ո՛վ Տէր, որ քննում ես բոլորի սրտերը եւ Քո ամենագութ ողորմութեամբ առաջնորդում ես ամէնքիս, աղաչում ենք տո՛ւր մեզ քրիստոնէավայել ապրելակերպ, որը ճանապարհ պիտի հարթի մեզ համար` Քո փրկչագործութեան ծրագրին համապատասխան:
Հայր Բարեխնամող, պարգեւի՛ր իմաստութիւն` հասկանալու համար Քո Սբ․ Ծննդեան պատգամը, որպէսզի աւելի լաւ ըմբռնենք այդ մեծ եւ սքանչելի խորհուրդը, որը Աստուածապարգեւ սիրոյ եւ յոյսի դռներ է բացում ամէնքիս առջեւ, քանզի մենք էլ փափաքում ենք միանալ հրեշտակաց դասի փառաբանութեանը` երգելով նրանց հետ․

«Փառք Աստծուն բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութիւն եւ հաճութիւն մարդկանց մէջ» (Ղուկ․ 2.14):

Յիրաւի, Փրկչագործութեան կեանքի կոչումը պիտի սկսենք մեր սրտերից ծագող եւ աշխարհին Աւետիս տանող խաղաղութեամբ եւ այս խաղաղութիւնը պէտք է տիրի երկրի վրայ, ինչպէս երկնքում է, որովհետեւ Քեզ հետեւողները խաղաղութեան եւ սիրոյ որդիներ պիտի լինեն:

Հեռո՛ւ վանիր մեզանից, ո՛վ Տէր, նախանձը, չարութիւնը, ընչաքաղցութիւնը, նենգութիւնն ու ամէն տեսակի անմաքրութիւն, որոնք մեզանից վանում են Աստուածապարգեւ Քո խաղաղութիւնը եւ սէրը:

Տո՛ւր մեզ Տէր, կամք ապրելու այն աստուածային սէրը, որով դու ուրանալով քո Անձը` դարձար Գառն Աստծոյ եւ վերցրեցիր աշխարհի մեղքերը (Յովհ․ 1, 36):
Արարիչ ամէնքի եւ ամէն ինչի, շնորհիր խոհեմութիւն` հասկանալու համար Աւետարանական այն Խօսքը, որ պէտք է լինենք ողորմած, ինչպէս Հայրը երկնաւոր: Քանզի միայն կարեկցելով եւ դիմացինի մէջ Քրիստոսին տեսնելու փափաքով է, որ կը կարողանանք անել հոգեւոր եւ մարմնաւոր ողորմութեան գործերը, որ կառաջնորդեն սրբութեան եւ Քեզ հետ լիակատար միութեան:
Փրկիչ աշխարհի, այսօր ամէնքս Քո Սբ․ Առաքեալների նման հայցում ենք աւելացնել եւ անսասան պահել մեր հաւատը, որ երբեք չերկնչենք, չկասկածենք եւ քայլենք փրկութեան ճանապարհով, որը կառաջնորդի միայն դէպի Քեզ:
Աղաչում ենք Քեզ, տո՛ւր մեզ անսպառ յոյս փորձութեան ժամին, որ չերկմտենք եւ ապրենք կամքիդ համաձայն` յիշելով, թէ ով համբերի իսպառ, նա կը փրկուի:
Բարեխօսութեամբ եւ աղաչանքով Սուրբ Աստուածածնի եւ Սրբոց նահատակաց, որոնց սուրբ անունով է կնքուած եւ օծուած տաճարն այս սուրբ աստուածատուր Քո շնորհներով զօրացած պահի՛ր եւ պահպանի՛ր ամէնքիս գալիք տարում Քո սուրբ կամքի մէջ` առլցուած հաւատքով, յարատեւ սիրոյ ու յոյսի մէջ․
Ամէն:

Աղօթքի հեղինակ` Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչեան, լրամշակմամբ Հ. Նարեկ վրդ. Մնոյանի և Հ. Վահան ծ. Վրդ. Օհանեանի։








All the contents on this site are copyrighted ©.